|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 25 » Ֆուրունկուլոզ
|
Նկարագրություն
Ֆուրունկուլոզն իրենից ներկայացնում է հաճախ հանդիպող մաշկի թարախաբշտիկային հիվանդություն, որի ժամանակ մաշկի վրա բազմաթիվ ֆուրունկուլներ (չիբաններ) են առաջանում: Այն կարող է լինել տեղային կամ տարածուն:
Պատճառներ
Ֆուրունկուլի հարուցիչները ստաֆիլակոկերն են: Ֆուրունկուլոզի առաջացմանը նպաստում են մաշկի մշտական անմաքրությունը և հագուստի հետ անընդհատ շփումը, մաշկի գրգռումը քիմիական նյութերով, քերծվածքները, քորվածքները և այլ մանր վնասվածքներ, ինչպես նաև մաշկի քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիայի ուժեղացումը, վիտամինային անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև օրգանիզմի ցածր դիմադրողականությունը:
Ֆուրունկուլոզը կարող է առաջանալ նաև հետևյալ դեպքերում`
- ստամոքսաբորբի, - հաստ աղիքի բորբոքման, - երիկամաբորբի, - խիստ ցրտահարության, - ջերմահարության, - ֆիզիկական երկարատև հոգնածության, - ֆուրունկուլի սխալ բուժման և այլն:
Պաթոգենեզ
Ֆուրունկուլոզն ընթանում է`
- սուր - քրոնիկական
Եզակի ֆուրունկուլը կարող է առաջանալ մաշկի մազածածկ մասի ցանկացած հատվածին: Սակայն առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս պարանոցի, դեմքի և գոտկատեղի վրա: Ֆուրունկուլի առաջացումն սկսվում է ալ կարմիր 0.5-2 սմ տրամագծով ցավոտ, պինդ հանգույցի ի հայտ գալով, որը կոնաձև բարձրանում է մաշկի վրա: 3-4 օրը հանգույցի կենտրոնում գոյանում է թարախային գլխիկ: Այնուհետև ֆուրունկուլը պատռվում է, տեղում երևում է դեղնավուն, մեռուկացած հյուսվածք` ֆուրունկուլի միջուկը, որը հետագայում թարախի ու արյան հետ պոկվում է: Առաջանում է հատիկավոր հյուսվածք, որը 2-3 օր անց սկսում է ապաքինվել և ավարտվում է սպիանալով: Չբարդացած ֆուրունկուլի ընթացքը տևում է 8-10 օր:
Որպես կանոն, դեմքի նույնիսկ փոքր ֆուրունկուլը ուղեկցվում է առաջադիմող տեղային բորբոքմամբ և այտուցով, ինչպես նաև ընդհանուր ծանր ընթացքով: Այդպիսի դեպքերում արյան վարակման պատճառով ելքը կարող է մահացու լինել:
Սուր ֆուրունկուլի ժամանակ ֆուրունկուլներն առաջանում են միաժամանակ կամ կարճ ժամանակամիջոցում, որը հաճախ ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Այն տևում է մի քանի շաբաթ, առավելագույնը` 1-2 ամիս: Նոր ֆուրունկուլներ հազվադեպ են առաջանում, դրանց չափերը փոքր են, չեն խորանում և արագ անհետանում են:
Քրոնիկական ֆուրունկուլոզի ժամանակ ամիսների ընթացքում ի հայտ են գալիս ոչ մեծ քանակությամբ մանր ֆուրունկուլներ, որոնք օրգանիզմի դիմադրողականության անկման հետևանքով ավելի են ձգձգվում:
Բուժում
Ֆուրունկուլը և ֆուրունկուլոզը բուժում է բժիշկը: Չի թույլատրվում ինքնուրույն սեղմել, ծակել կամ կտրել ֆուրունկուլի գլխիկը և տաքացնող կոմպրես դնել, քանզի դա կարող է ավելի բարդացնել հիվանդության ընթացքը:
Ֆուրունկուլոզի դեպքում արգելվում է լողանալ: Միայն բժշկի խորհրդով կարելի է լոգանք ընդունել կամ ցնցուղվել: Ֆուրունկուլի շուրջ առողջ մաշկը հարկավոր է մաքրել քափուրի կամ սալիցիլային սպիրտով: Պետք է սահմանափակել ածխաջրերի օգտագործումը և բացառել կծու կերակրատեսակները: Ցանկալի է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ:
Խորհուրդ է տրվում օգտագործել նաև գարեջրի թարմ կամ չոր խմորիչներ: Ֆուրունկուլոզի ժամանակ պարտադիր է դրա առաջացմանը նպաստող հիմնական հիվանդությունների բուժումը:
Կանխարգելում
Ֆուրունկուլոզի կանխարգելումը ենթադրում է անձնական հիգիենայի կանոնների պահպանում, մաշկի մշտական խնամք, մանր վնասվածքների ժամանակին մշակում: Էական դեր է կատարում նաև օրգանիզմի կոփումը:
|
Просмотров: 1028 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|
| | |