Понедельник, 21.07.2025, 01:42
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (կրծքագեղձի)
22:52
Քաղցկեղ (կրծքագեղձի)
Կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին հորիզոնականը: Տնտեսապես զարգացած երկրներում կրծքագեղձի քաղցկեղը բնութագրվում է հիվանդացության բարձր ցուցանիշներով, աճի կայուն տեմպերով` հիվանդների միջին տարիքի նվազման պարագայում:
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում այն գրավում է երկրորդ տեղը զիջելով միայն թոքի քաղցկեղին, իսկ կանանց մոտ առաջին տեղը, կազմելով 19,5%: Աշխարհում տարեկան արձանագրվում է այս հիվանդության մոտ 1 մլն. նոր դեպք, իսկ 2010 թ. կանխորոշվում է հիվանդացության աճ տարեկան մինչև 1,45 մլն նոր դեպք:

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տեսակարար կշիռը տատանվում է 12-14,4%-ի սահմաններում, իսկ 100 հազար կին բնակչության հաշվով հիվանդացության ցուցանիշը կազմում է 35,0-44,6: Ամեն տարի մեր հանրապետությունում արձանագրվում են կրծքագեղձի քաղցկեղով 750-850 առաջնային հիվանդներ, և ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես նկատվում է հիվանդացության ցուցանիշների աճ:
Մեր հանրապետությունում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները (61%) արձանագրվում են 41-60 տ. տարիքային խմբում, 60 տ. բարձր խմբում` շուրջ 20%:
Բարձր հիվանդացության ու տարածվածության հետ միասին, կրծքագեղձի քաղցկեղը բնութագրվում է նաև հիվանդության երկարատև նախակլինիկական փուլով, և վաղ փուլերում բուժման բարձր արդյունավետությամբ:

Ախտածագումը

Կրծքագեղձի քաղցկեղի պատճառային գործոնների մեջ առանձնահատուկ նշանակություն ունեն էնդոկրին խանգարումները: Կան համոզիչ ապացույցներ ձվարանների էստրոգենային ակտիվության և կրծքագեղձի քաղցկեղի հաճախականության փոխկապակցվածության վերաբերյալ: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ հաճախ է դիտվում դաշտանի վաղ սկիզբ (վաղ մենարխե), ուշ դաշտանադադար (մենոպաուզա): Կաթնարտազատման (լակտացիայի) ժամանակ ձվարանների էստրոգենային ֆունկցիան ընկճվում է, դրանով էլ բացատրվում է կաթնարտազատման պաշտպանական նշանակությունը:

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գործում ժառանգական գործոնի դերը զգալի է: Ապացուցված է, որ քաղցկեղով հիվանդների ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է 3-5 անգամ ավելի հաճախ: 2-3% դեպքերում քաղցկեղը զարգանում է երկու կրծքագեղձերում:
Հայտնաբերված են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի մասին վկայող գեները (BRCA-1, BRCA-2), որոնց գործնական նշանակությունը ներկայումս ակտիվորեն ուսումնասիրվում է:
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը կարող են նպաստել նաև շրջակա միջավայրի գործոնները, քիմիական և ֆիզիկական կանցերոգենները:

Ախտաբանական անատոմիա

Դեպքերի մեծամասնությունում կրծքագեղձի քաղցկեղը զարգանում է գեղձի ծորանների կամ բլթակների էպիթելից: Ինչպես ծորանային, այնպես էլ բլթակային քաղցկեղը կարող են երկար տարիներ գոյություն ունենալ նախաինվազիվ (in situ) ձևով, սակայն հաճախ դրանք վերածվում են ինվազիվ ձևերի:

Պեջետի քաղցկեղը բնութագրվում է առանձնահատուկ կառուցվածքով: Այն զարգանում է պտուկի ներսում գտնվող խոշոր ծորանների էպիթելից և աճելով ծորաններից տարածվում է դեպի արտաքին մակերես և գեղձի հաստության մեջ:

Կրծքագեղձի քաղցկեղի տարածումը տեղի է ունենում ուռուցքի աճի անմիջական շարունակությամբ, ինչպես նաև լիմֆոգեն ու հեմատոգեն մետաստազավորման ճանապարհով: Կրծքագեղձի քաղցկեղի համար բնորոշ է վաղ մետաստազավորումը:
Լիմֆոգեն մետաստազները հիմնականում զարգանում են անութային, վերանրակային, հարկրծոսկրային ավշահանգույցներում: Հեմատոգեն ճանապարհով հեռավոր մետաստազներն առավել հաճախ տեղակայում են ոսկրերում, թոքերում, լյարդում, թոքամզում, ձվարաններում, գլխուղեղում, ոսկրածուծում:

Դասակարգումը

Կրծքագեղձի քաղցկեղի դասակարգումը ըստ TNM համակարգի

T- առաջնային ուռուցք.

Tx – տվյալներն անբավարար են առաջնային ուռուցքի գնահատման համար,

To- առաջնային ուռուցքը չի որոշվում,

Tis - carcinoma in situ` ծորանային կամ բլթակային carcinoma in situ, կամ պտուկի Պեջետի հիվանդություն առանց ուռուցքի նշանների

Ծանոթություն. միևնույն կրծքագեղձում բազմակի ուռուցքների դեպքում T-ն որոշվում է ըստ առավելագույն ուռուցքի: Երկու կրծքագեղձերում միաժամանակյա ուռուցքների դեպքում բիլատերալ ուռուցքներից յուրաքանչյուրն դասակարգվում է առանձին: Եթե Պեջետի հիվանդության ժամանակ որոշվում է ուռուցք, ապա այն դասակարգվում է ըստ ուռուցքի չափսերի:

T1 – ուռուցքի ամենամեծ չափսը 2 սմ է

T1mic – միկրոինվազիա մինչև 0,1 սմ ամենամեծ չափսով

T1a – ուռուցքի ամենամեծ չափսը 0,1-0,5 սմ

T1b - ուռուցքի ամենամեծ չափսը 0,5-1 սմ

T1c - ուռուցքի ամենամեծ չափսը 1-2 սմ

T2 - ուռուցքի ամենամեծ չափսը 2-5 սմ

T3 - ուռուցքի ամենամեծ չափսը 5 սմ-ից ավել է

T4 – ցանկացած չափսերի ուռուցք ուղղակի տարածումով կրծքի պատի կամ մաշկի վրա

Ծանոթություն. Կրծքի պատը ներառում է կողերը, միջկողային մկանները, առաջային ատամնավոր մկանը, բացառությամբ կրծքամկանների:

T4a - տարածում կրծքի պատի վրա

T4b – կրծքագեղձի մաշկի այտուցով (ներառյալ ՙլիմոնի կեղևի՚ ախտանշանը) կամ խոցոտումով, կամ սատելիտ հանգույցներ նույն գեղձի մաշկի վրա

T4c - 4a և 4b չափանիշները միասին

T4d – քաղցկեղի բորբոքային ձև

Ծանոթություն. մաշկի ներքաշումը, պտուկի ռետրակցիան և ուրիշ մաշկային ախտանշաններ, բացի T4 փուլին դասվողներից, կարող են դիտվել T1,T2,T3 փուլերում չազդելով դասակարգման վրա:

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալներն անբավարար են ռեգիոնար ավշային հանգույցների գնահատման համար (օրինակ եթե դրանք նախապես հեռացվել են)

No - բացակայում են ռեգիոնար ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարման նշանները

N1 – մետաստազներ շարժուն անութային ավշային հանգույցներում ախտահարման կողմում

N2 - մետաստազներ շարժուն անութային ավշային հանգույցներում ախտահարման կողմում ` ֆիքսված իրար կամ շրջակա կառուցվածքներին

N3 - մետաստազներ ներքին կրծքային ավշային հանգույցներում ախտահարման կողմում

M – հեռավոր մետաստազներ

Mx – տվյալներն անբավարար են հեռավոր մետաստազների գնահատման համար

Mo – հեռավոր մետաստազներ չեն որոշվում

M1 – որոշվում են հեռավոր մետաստազներ:

Կլինիկաանատոմիական ձևերը

Հանգուցավոր ձևը հանդիպում է ամենից հաճախ: Ուռուցքային հանգույցը շոշափվում է արդեն 0.5-1 սմ մեծության դեպքում: Այն ունի պինդ կոնսիստենցիա, թմբկավոր մակերես, զուրկ է հստակ եզրագծերից և հնարավոր չէ առանձնացնել շրջակա հյուսվածքներից:
Հետագա զարգացման հետ ուռուցքը ներաճում է մաշկին, որի հետևանքով կարող են առաջանալ խոցոտումներ և ուռուցքի քայքայում: Առաջանում է մեծ խոց` դուրսշրջված, պինդ, թմբկավոր եզրերով, անհարթ, հեշտությամբ արյունահոսող մակերեսով, որը պատված է նեկրոտիկ հյուսվածքներով և ունի տհաճ հոտ: Խոցն աստիճանաբար մեծանում է և ընդգրկում հարևան հյուսվածքները: Խոցի շուրջ առաջանում է շրջակա հյուսվածքների լայն ուռուցքային ինֆիլտրացիա:

Դիֆուզ քաղցկեղի դեպքում ուռուցքն աճում է տարածուն ներսփռանքի ձևով, որն ընդգրկում է կրծքագեղձը բոլոր ուղղություններով: Այն հիմնականում դիտվում է երիտասարդ կանանց մոտ և բնութագրվում է բարձր չարորակությամբ:

Դիֆուզ քաղցկեղի տարատեսակներն են.

- այտուցաինֆիլտրատիվ ձև - բնութագրվում է կրծքագեղձում պինդ ինֆիլտրատի առկայությամբ, որը չունի հստակ սահմաններ, կրծքագեղձը չափսերով մեծացած է, այտուցված (ավշահոսքի շրջափակում), մաշկն ունի ՙլիմոնի կեղևի՚ տեսք, ռեգիոնար գոտիներում որոշվում են մեծ մետաստատիկ հանգույցներ

- մաստիտանման քաղցկեղ - կրծքագեղձում պինդ ինֆիլտրատ առանց հստակ սահմանների, հյուսվածքների այտուցով և մաշկի հիպերեմիայով, մաշկային ջերմությունը բարձր է; ուռուցքն արագ ներսփռվում է գեղձի բոլոր հյուսվածքների մեջ տարածվելով մաշկի, ռետրոմամար բջջանքի, կրծքամկանների մեջ, զարգանում են քայքայման օջախներ, միանում է երկրորդային ինֆեկցիան; արագ մետաստազավորում է ռեգիոնար ավշահանգույցներ և ներքին օրգաններ

- կարմիրքամիանման կամ էրիզիպելոիդ ձև (carcinoma erysipelatodes) - գեղձում ինֆիլտրացիայի կողքին տեղի է ունենում ուռուցքի ներմաշկային տարածում ավշաճեղքերի միջոցով, կրծքագեղձի մաշկի վրա առաջանում են վարդագույն օջախներ, որոնք հիշեցնում են կարմիր քամու բորբոքումը; այդ օջախները տարածվում են ամբողջ գեղձի վրա և նրա սահմաններից դուրս, զարգանում է քաղցկեղային լիմֆանգոիտ; ընթացքը սուր է, արագ մետաստազավորումով

- զրահավոր ձևի (ՙcancer en cuirasse՚) դեպքում քաղցկեղը ներսփռվում է ինչպես գեղձի հյուսվածքի, այնպես էլ մաշկի ու ենթամաշկային բջջանքի մեջ և տարածվում կրծքագեղձի սահմաններից դուրս` զրահի նման սեղմելով հիվանդին; մաշկի վրա առաջանում են կեղևով պատված մանր խոցոտումներ:

Պեջետի հիվանդությունը կազմում է կրծքագեղձի չարորակ ուռուցքների 5%-ը: Հիվանդության սկզբնական արտահայտություններն են պտուկի հաստացումը և մակերեսային էքսկորիացիաները` նրանց վրա պինդ նստած կեղևիկներով:
Այս փուլում հիվադությունը հաճախ ախտորոշվում է որպես էկզեմա և հիվանդները երկարատև բուժվում են քսուքներով: Աստիճանաբար տեղի է ունենում պտուկի քայքայում և խորը խոցոտում, պրոցեսը տարածվում է արեոլայի վրա ու նրա սահմաններից դուրս, գեղձի հաստության մեջ որոշվում է պինդ ուռուցքային հանգույց:
Անհրաժեշտ է նշել, որ Պեջետի հիվանդության ժամանակ ընդհանուր առմամբ պրոցեսն ունի դանդաղ ընթացք և նրա տեղային արտահայտությունները գերիշխում են մետաստազավորման նկատմամբ:

Ախտորոշումը.

- անամնեզ - պետք է ընդգրկի հետևյալ հարցերը. հիվանդի սեռական հասունացումը, դաշտանային ֆունկցիան, ամուսնանալը, հղիությունների և ծննդաբերությունների ընթացքը, ընդհատված հղիությունների քանակը, երեխայի կերակրումը, կերակրման տևողությունը, հիվանդության սկիզբը, կրծքագեղձի վնասվածքները, պտուկից եղած արտադրությունը, հորմոնային դեղամիջոցների ընդունումը, հարազատների մոտ կրծքագեղձում ուռուցքի առկայությունը և այլն:

- զննում - ուշադրություն են դարձնում կրծքագեղձերի ձևին, չափսերին, համաչափությանը պտուկների մակարդակին, ձևին, արտադրության առկայությանը; կրծքագեղձերի մաշկի վիճակին (գերարյունություն, ներքաշվածություն, այտուց ՙլիմոնի կեղևի՚ ձևով և այլն):

- կրծքագեղձերի շոշափում - իրականացվում է հիվանդի կանգնած և պառկած դիրքերում, ուռուցքային գոյացություն հայտնաբերելիս որոշվում է վերջինիս չափսերը, կոնսիստենցիան, սահմաններն ու եզրագծերը, զգայնությունը, շարժունությունը, տարբերակիչ-ախտորոշիչ նշանակություն ունի Քյոնիգի ախտանշանը. գոյացությունը ձեռքի ափով կրծքավանդակին սեղմելիս մաստոպաթիայի դեպքում դառնում է ավելի փափուկ կամ անհետանում է, իսկ ֆիբրոադենոմայի կամ քաղցկեղի դեպքում պահպանում է իր ձևն ու կոնսիստենցիան, կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեն նաև մաշկային ախտանշանները - կրծքագեղձի կուպերյան կապանների քաղցկեղային ներսփռման հետևանքով մաշկը ծալքի հավաքելիս առաջանում է կնճռոտություն կամ պորտանման ներքաշվածություն (umbilicatio), կրծքագեղձերից բացի շոշափվում են նաև անութային, վեր- և ստորանրակային շրջանները:

- մամոգրաֆիա - կրծքագեղձի քաղցկեղն ի տարբերություն բարորակ ախտահարումների, ունի ոչհստակ, անհարթ եզրագծերով, բարձր ինտենսիվությամբ ստվերի տեսք` դեպի գեղձի հյուսվածք ձգվող ճառագայթներով (սպիկուլներ – corona maligna), մամոգրաֆիկ հետազոտության նպատակն առաջին հերթին ոչ թե ուռուցքի բնութագիրն է, այլ կլինիկորեն չբացահայտվող, գաղտնի ախտահարումների հայտնաբերումը:

- ուլտրաձայնային հետազոտություն - ախտորոշիչ տեղեկատվությունը մեծանում է երիտասարդ կանանց հետազոտելիս, հատկապես կիստոզ ախտահարումների դեպքում:

- կոմպյուտերային/միջուկառեզոնանսային տոմոգրաֆիա:

- բարակասեղային պունկցիոն բիոպսիան, կրծքագեղձի տրեպան-բիոպսիան (core-biopsy), բիոպսիան մամոտոմի միջոցով - ախտորոշման մորֆոլոգիական եղանակներ; ուռուցքային գոյացության փոքր չափսերի դեպքում պունկցիոն կամ տրեպան բիոպսիան կատարվում է մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ:

- կրծքագեղձի ուռուցքների ախտորոշման վերջնական եղանակը էքսցիզիոն բիոպսիան է, որի դեպքում վիրահատության ժամանակ կրծքագեղձի կասկածելի օջախը բացազատվում է և ուղարկվում շտապ հյուսվածաբանական հետազոտման, չշոշափվող ուռուցքների դեպքում էքսցիզիոն բիոպսիան կատարվում է մամոգրաֆիկ հետազոտմամբ կրծքագեղձի ախտաբանական օջախում մետաղական ասեղնացույց տեղադրելուց հետո (needle-guide biopsy):

- անութային ավշային հանգույցների գնահատման և անութային լիմֆոդիսեկցիայի նպատակահարմարության որոշման հետազոտության ժամանակակից եղանակներից է "պահակային" ավշահանգույցի գծանշումը և բիոպսիան (sentinel lymph node mapping and biopsy) - այս դեպքում ուռուցքի շրջակա հյուսվածքում (պերիտումորալ) ներարկվում է ռադիոակտիվ նյութ և ներկ (լիմֆազուրին), վիրահատության ժամանակ հայտնաբերելով ավշահոսքի առաջին (ՙպահակային՚) հանգույցը հեռացվում է և ուղարկվում շտապ հյուսվածաբանական հետազոտման, գրականության տվյալներով, հետազոտության այս եղանակի կեղծ-բացասական արդյունքի հաճախականությունը կազմում է 0,2-5%:

Կրծքագեղձերի ինքնազննումը, բժշկական զննումը և մամոգրաֆիան համարվում են սկրինինգային հետազոտության 3 հիմնական եղանակները, որոնք ապահովում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը: Կրծքագեղձերի բժշկական զննումը, մամոգրաֆիան և բարակասեղային պունկցիոն բիոպսիան կազմում են այսպես կոչված "ախտորոշիչ եռյակը" (տրիպլետ), որոնց համակցությունն ունի 95-98% ախտորոշիչ ճշգրտություն:

Տարբերակիչ ախտորոշումը.

- կրծքագեղձի բարորակ ուռուցքներ,

- մաստոպաթիա,

- գալակտոցելե,

- կրծքագեղձի սուր բորբոքային հիվանդություններ:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման եղանակի ընտրությունը կախված է հիվանդության փուլից, ուռուցքի հյուսվածաբանական կառուցվածքից, ախտահարման բնույթից, հիվանդի տարիքից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից և այլ գործոններից:
Բուժման հիմնական եղանակը վիրահատականն է:
Կիրառվում են նաև ճառագայթային, դեղորայքային, հորմոնային և այլ եղանակներ, որոնք հաճախ համակցում են վիրահատության հետ համ կիրառվում են համալիր (կոմպլեքս) ձևով:

Կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ վիրահատական միջամտության արմատականությունը (ռադիկալիզմը) ապահովում է ուռուցքային վիրաբուժության հիմնական կանոնների` աբլաստիկայի և անտիբլաստիկայի պահպանումով:
Նախկինում ստանդարտ էր համարվում արմատական մաստէկտոմիան ըստ Հոլսթեդ-Մեյերի, որի դեպքում կրծքագեղձի հետ մեկ բլոկով (en bloc) հեռացվում են մեծ ու փոքր կրծքամկանները, ենթաթիակային, անութային, ենթանրակային բջջանքն ու ավշահանգույցները: Ներկայումս այն կիրառվում է քաղցկեղի դիֆուզ այտուցաինֆիլտատիվ ձևերի (քիմիաճառագայթային բուժումից հետո) և մեծ կրծքամկանի ուռուցքային ինֆիլտրացիայի դեպքերում:

Պեյտի-Դայսոնի ձևափոխված մաստէկտոմիայի ժամանակ, ի տարբերություն Հոլսթեդ-Մեյերի վիրահատության, պահպանվում է մեծ կրծքամկանը, և ունի ավելի քիչ վնասողական (տրավմատիկ) բնույթ:
Ներկայումս ընդունված է և լայնորեն կիրառվում է ֆունկցիոնալ առումով ավելի խնայողական արմատական մաստէկտոմիան ըստ Մադենի, որի դեպքում պահպանվում են մեծ և փոքր կրծքամկանները:

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերի դեպքում կիրառվում են նաև օրգանապահպան բնույթի վիրահատություններ (կրծքագեղձի լայնածավալ սեկտորալ մասնահատում, կրծքագեղձի արմատական մասնահատում):
Կրծքագեղձի քաղցկեղի բարձիթողի, քայքայված և խոցային մակերեսով ուռուցքների դեպքում կատարվում է ամոքիչ (պալիատիվ) վիրահատություն` կրծքագեղձի սանիտարական անդամահատում:

Ճառագայթային բուժումը սովորաբար կիրառվում է որպես համակցված կամ համալիր բուժման բաղադրիչ մաս: Նախավիրահատական շրջանում ճառագայթային բուժման հիմնական նպատակը մեծ չափսերով գոյացությունը վիրահատելի դարձնելն է:
Հետվիրահատական (ադյուվանտ) ճառագայթային բուժումը կիրառվում է օրգանապահպան վիրահատություններից և մաստէկտոմիաներից հետո կրծքագեղձի ու ռեգիոնար ավշահանգույցների շրջանում, ուռուցքի տեղային կրկնողության կանխարգելման նպատակով (տեղային հսկողություն): Որպես ինքնուրույն բուժման եղանակ ճառագայթային (կամ քիմիաճառագայթային) բուժումը կիրառվում է վիրահատական բուժման նկատմամբ հակացուցումների, անվիրահատելի և դիֆուզ ձևերի առկայության, բուժումից հիվանդի հրաժարվելու դեպքում:

Կրծքագեղձի քաղցկեղը զգայուն է մեծ թվով ժամանակակից հակաուռուցքային դեղամիջոցների նկատմամբ, որոնց առավել ակտիվ խմբերին են դասվում ալկիլատները (ցիկլոֆոսֆան), անտրացիկլինները (ադրիամիցին, ֆարմոռուբիցին), անտիմետաբոլիտները (5-ֆտորուրացիլ, մետոստրեքսատ, քսելոդա), վինկալկալոիդները (վինկրիստին, վինբլաստին, նավելբին), տաքսանները (պակլիտաքսել, դոցետաքսել): Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ սովորաբար կիրառվում են առավել ակտիվ քիմիոպրեպարատների համակցումներ (պոլիքիմիոթերապիա) ստանդարտ սխեմաների ձևով, որոնց արդյունավետությունը ապացուցված է բազմակենտրոն ռանդոմիզացված հետազոտություններով:

Համալիր բուժման կազմության մեջ կիրառվող պոլիքիմիաթերապիայի նպատակն է կանխարգելել հիվանդության կրկնողությունն ու մետասթազների առաջացումը: Պոլիքիմիաթերապիան կարող է կիրառվել նախավիրահատական (նեոադյուվանտ) և հետվիրահատական (ադյուվանտ) եղանակներով: Որպես քիմիաճառագայթային բուժման բաղադրիչ մաս կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի տեղային-տարածված և դիսեմինացված ձևերի դեպքում:

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, որպես հորմոնկախյալ ուռուցք, չափազանց կարևոր է համարվում հորմոնային բուժումը: Վերջինիս պլանավորման և կանխորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունի ուռուցքի հյուսվածքում էստրոգենային և պրոգեստերոնային ընկալիչների (ռեցեպտորների) որոշումը, հիվանդների տարիքը, դաշտանային ֆունկցիայի վիճակը: Նշանակվում են հակաէստրոգեններ (տամոքսիֆեն, ֆարեստոն), արոմատազայի ինհիբիտորներ (ֆեմարա, անաստրազոլ): Նախադաշտանադադարի (պրեմենոպաուզալ) տարիքում գտնվող կանանց մոտ հորմոններ նշանակելուց առաջ կատարվում է վիրահատական (օվարիէկտոմիա), ճառագայթային (ռադիոմենոլիզիս) կամ դեղորայքային (գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի ագոնիստներ - զոլադեքս) կաստրացիա:

Վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակ մեծ նշանակություն են տալիս ուռուցքի աճի գործոնների ընկալիչների վրա ազդեցությանը, այսպես կոչված ՙթիրախային բուժմանը՚ (target therapy): Ուռուցքում HER2/neu-ի էքսպրեսիայի դեպքում նշանակվում է տրաստուզումաբ (հերսեպտին) դեղամիջոցը:
Просмотров: 1899 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz