Понедельник, 21.07.2025, 01:56
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (լյարդի)
22:51
Քաղցկեղ (լյարդի)
Լյարդաբջջային (հեպատոցելուլյար) քաղցկեղը ընդհանուր օնկոլոգիական հիվանդացության կառուցվածքում կազմում է 3-5% և լյարդի առաջնային չարորակ ուռուցքների 75%-ը: Տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում:
Լյարդի մետաստատիկ ուռուցքները հանդիպում են 50-60 անգամ ավելի հաճախ, քան առաջնային քաղցկեղը:

Էթիոլոգիական գործոնները.

- խրոնիկ վիրուսային հեպատիտ B և C, լյարդաբջջային քաղցկեղի առաջացման ռիսկը վիրուսակիրների մոտ աճում է 200 անգամ, հատկապես տղամարդկանց մոտ

- լյարդի ցիռոզ (հատկապես խոշորհանգուցավոր ձևը) – հայտնաբերվում է հիվանդների 60-90%-ի մոտ

- հեմոքրոմատոզ

- շիստոսոմոզ և այլ պարազիտային հիվանդություններ (օպիստորխոզ)

- արտադրական կանցերոգեններ - քլորացված ածխաջրածնային լուծիչներ (տետրաքլորային ածխաջրածին), օրգանական քլորպարունակող պեստիցիդներ

- աֆլատոքսին – խմորասնկերի կենսագործունեության տոքսիկ պրոդուկտ:

Մակրոսկոպիկ տարբերում են հանգուցավոր, մասիվ (մեծ չափսերի հանգույց, որը երբեմն գրավում է լյարդի ամբողջ բիլթը) և դիֆուզ ձևեր (մակրոսկոպիկ չտարբերվող մանր հանգույցներ, որոնք գրավում են օրգանի բոլոր հատվածները):

Հյուսվածաբանական կառուցվածքը

- հեպատոցելուլյար քաղցկեղ (չարորակ հեպատոմա)

- խոլանգիոցելուլյար քաղցկեղ (չարորակ խոլանգիոմա)

- խառը ձև (հեպատոխոլանգիոմա)

- չդիֆերենցված քաղցկեղ

Լյարդի քաղցկեղը մետաստազավորում է լիմֆոգեն (պերիպորտալ, հեպատոդուոդենալ կապանի, պարակավալ ավշահանգույցներ) և հեմատոգեն (թոքեր, գլխուղեղ, ենթաստամոքսագեղձ, երիկամներ) ճանապարհով: Հեպատոցելուլյար քաղցկեղը հաճախ բազմաօջախային է և բնորոշվում է ներլյարդային մետաստազավորումով: Խոլանգիոցելուլյար քաղցկեղի ժամանակ հաճախ հանդիպում են ոսկրային մետաստազներ:

Լյարդի քաղցկեղի դասակարգումը ըստ TNM համակարգի


T- առաջնային ուռուցք.

Tx – տվյալներն անբավարար են առաջնային ուռուցքի գնահատման համար,

T0 - առաջնային ուռուցքը չի որոշվում,

T1 – սոլիտար ուռուցք առանց անոթային ինվազիայի,

T2 – սոլիտար ուռուցք անոթային ինվազիայով կամ բազմաթիվ ուռուցքներ մինչև 5սմ ամենամեծ չափսով

T3 – բազմաթիվ ուռուցքներ 5սմ-ից ավել չափսով կամ ուռուցք, որն ընդգրկում է դռներակի կամ լյարդային երակի մեծ ճյուղը,

T4 – ուռուցքը տարածվում է հարևան կառուցվածքներին, բացի լեղապարկից կամ վիսցերալ որովայնամզին,

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալներն անբավարար են ռեգիոնար ավշային հանգույցների գնահատման համար,

N0 - բացակայում են ռեգիոնար ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարման նշանները,

N1 – առկա են մետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում,

M – հեռավոր մետաստազներ

Mx – տվյալներն անբավարար են հեռավոր մետաստազների գնահատման համար,

M0 – չկան հեռավոր մետաստազների նշաններ,

M1 – առկա են հեռավոր մետաստազներ

pTNM հետվիրահատական հիստոպաթոլոգիական դասակարգումը

pT, pN և pM կատեգորիաները համապատասխանում են T, N և M կատեգորիաներին:

G հյուսվածաբանական տարբերակման (դիֆերենցման) աստիճանը

Gx – դիֆերենցման աստիճանը չի որոշվել

G1 – դիֆերենցման բարձր աստիճան

G2 – դիֆերենցման միջին աստիճան

G3 – դիֆերենցման ցածր աստիճան

G4 – չդիֆերենցված ուռուցք

Կլինիկական պատկերը.

Լյարդի առաջնային քաղցկեղը սկզբնական շրջանում բնութագրվում է էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում ծանրության զգացումով: Դիտվում է նաև ընդհանուր թուլություն, տկարություն, դյուրհոգնելիություն, ախորժակի անկում, մարմնի զանգվածի կորուստ: Աղքատիկ ախտանշանների պատճառով հիվանդության ախտորոշումը դժվարանում է և հաճախ այն մեկնաբանվում է որպես լյարդի ցիռոզ:

Լյարդի առաջնային քաղցկեղի կլինիկական նշաններն են.

- հեպատոմեգալիա - մշտական ախտանշան – լյարդի մակերեսը պինդ է, թմբկավոր, ցավոտ:

- ցավ աջ ենթակողային շրջանում (հիվանդների 86.9%-ի մոտ) – մշտական բնույթի, կապված չէ սննդի ընդունման հետ, ժամանակի հետ աստիճանաբար ուժեղանում է:

- մարմնի ջերմության բարձրացում (76 wacko – ուռուցքի քայքայման և ուղեկցող խոլանգիտի հետևանքով:

- պորտալ հիպերտենզիայի նշաններ – որովայնի առաջային պատի և որկորի երակների լայնացում, սպլենոմեգալիա, ասցիտ;

- դեղնուկ (41%) – լյարդի բլթային ծորանների զգալի խցանման հետևանքով:

- պարանեոպլաստիկ ախտանշաններ (ամորձիների ատրոֆիա, գինեկոմաստիա, օստեարթրոպաթիաներ, մաշկի հիպերպիգմենտացիա):

Տարբերում են լյարդի քաղցկեղի հեպատոմեգալիտիկ, ցիռոտիկ և լատենտ կամ դիմակավորված ձևեր (տենդային, ուղեղային, թոքային և այլ ձևեր):

Ախտորոշումը

- արյան լաբորատոր անալիզներ

- արյան բիոքիմիական անալիզ

- լյարդային փորձերի և լյարդային ֆերմենտների որոշում

- օնկոմարկերների որոշում (ալֆա-ֆետոպրոտեինը հայտնաբերվում է հեպատոցելուլյար քաղցկեղով հիվանդների 95%-ի մոտ)

- ուլտրաձայնային հետազոտություն

- կոմպյուտերային տոմոգրաֆիա

- միջուկառեզոնանսային տոմոգրաֆիա

- անգիոգրաֆիկ հետազոտություններ (ցելիակոգրաֆիա, սպլենոպորտոգրաֆիա և այլն)

- լապարոսկոպիա ուռուցքային հանգույցի նշանոցային բիոպսիայով

- բարակասեղային պունկցիոն բիոպսիա` ուլտրաձայնային հետազոտության կամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի հսկողությամբ

Տարբերակիչ ախտորոշումը

- լյարդի բարորակ ուռուցքներ

- լյարդի մակաբուծային հիվանդություններ

- ցիռոզներ և հեպատիտներ

- լյարդի աբսցեսներ և կիստաներ

- լյարդի մետաստատիկ ուռուցքներ

Բուժումը.

Լյարդի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակ կատարվում է լյարդի ռեզեկցիա` տիպիկ (հաշվի է առնվում լյարդի սեգմենտար անատոմիան) և ատիպիկ:
Ճառագայթային բուժումն արդյունավետ չէ:

Անվիրահատելի դեպքերում կիրառվում է քիմիոթերապիա, հիմնականում ցիտոստատիկների (դոքսոռուբիցին, ֆտորուրացիլ, միտոմիցին) ռեգիոնար ներմուծմամբ - ներզարկերակային` լյարդային զարկերակի ճյուղերի մեջ:
Կատարվում է նաև ուռուցքի զարկերակային հունի էմբոլիզացիա կամ քիմիոէմբոլիզացիա:
Պալիատիվ բուժման նպատակներով կիրառում են ուռուցքի կրիոդեստրուկցիա, թերմոաբլացիա, ալկոհոլիզացիա, ուռուցքի ցիտոռեդուկտիվ հեռացում, լյարդի դեարտերիալիզացիա և այլն:
Просмотров: 1340 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz