|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 10 » Կոտրվածքներ (քթի)
|
Քթի կոտրվածքները լինում են բաց` մաշկային ծածկույթի ամբողջականության խախտմամբ և փակ կամ ենթամաշկային, ոսկրային բեկորների տեղաշարժով կամ առանց տեղաշարժի: Հարվածի հետևանքով առաջացած կոտրվածքների դեպքում քթի ոսկրերի հետ մեկտեղ կարող են վնասվել նաև ճակատային և հայմորյան խոռոչի պատերը: Առաջացած արտաքին քթի դեֆորմացիան պայմանավորված է հարվածի տեսակից և ուղղությունից (բռունցքով, բութ կամ սուր գործիքով կատարված հարված` ուղղահայաց կամ կողմնային ուղությամբ):
Հարվածի հետևանքով կարող է դեֆորմացվել ինչպես հարվածի ենթարկված քթի միայն կողմնային պատը, այնպես էլ` հանդիպակաց կողմնային պատը, առաջացնելով 2 կողմնայն պատերի միաժամանակյա դեֆորմացիա: Ուղղահայաց հարվածի դեպքում քթամեջքը ներհրվում է դեպի քթի խոռոչ ( թամբաձև կամ հարթ քիթ): Կախված հիվանդի ընդհանուր վիճակից և կոտրվածքի տեսակից` հիվանդները կարող են հոսպիտալացվել կամ բուժվել ամբուլատոր պայմաններում:
Կոտրվածքի տեսակը որոշելու համար զննում ենք արտաքին քիթը. իրականացվում է քթամեջքի և քթի կողմնային պատերի շոշափում, ապա` առաջային ռինոսկոպիա: Կողմնային ռենտգեն հետազոտությունը պարտադիր է: Բաց կոտրվածքների դեպքում առաջնահերթ իրականացվում է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, մաշկի ամբողջականության վերականգնում, ոսկրերի ռեդրեսացիա (ուղղում) և առաջնային տամպոնադա:
Քթոսկրերի ուղղում (ռեդրեսացիա) կատարելու ամենաարդյունավետ ժամանակը կոտրվածք ստանալուց հետո առաջին 5 ժամերն են, եթե ոչ, ապա իրականացվում է 5 օր անց, քանզի արագ առաջանում է այտուց: Նախքան ռեդրեսացիան` իրականացվում է տեղային անզգայացում: Քթարմատի շրջանում ենթամաշկային ներարկվում է 2% լիդոկայինի կամ ( տրիմեկայինի) լուծույթ, ինչպես նաև քթի խոռոչ է դրվում 10% լիդոկաինի լուծույթով ներծծված տամպոն:
Ռեդրեսացիան իրականացվում է հիվանդի պառկած դիրքում: Օգտագործվում է Կոխերի աքցանը` ռեզինե խողովակներ անցկացված` քթի խոռոչի փափուկ հյուսվածքների լրացուցիչ վնասումից խուսափելու նպատակով, էլևատորներ, որոնց թեքությունները համապատասխանում են քթի բնական թեքություններին: Բացի գործիքներից իրականացվում է նաև ձեռքային ուղղում. բժիշկը սեղմում է քթի արտացցված մասը երկու բութ մատերով, մյուս բոլոր մատերով հակառակ կողմից պահում է հիվանդի գլուխը: Վերատեղադրված ոսկրային բեկորները իրենց տեղում պահելու նպատակով դրվում է գիպսային վիրկապ:
|
Просмотров: 903 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|
| | |