|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 10 » Կարմրուկ
|
Նկարագրություն
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, վերին շնչուղիների լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ, ձայնի խռպոտություն), աչքերի, բերանի խոռոչի լորձաթաղանթների բորբոքումով և մաշկի վրա կարմիր խոշոր բծավոր ցանի առաջացմամբ:
Պատճառներ
Կարմրուկի հարուցիչը վիրուսն է, վարակի աղբյուրը` հիվանդ մարդը, որի խորխում, թքում, արցունքում պարունակվող վիրուսն օդակաթիլային ճանապարհով փոխանցվում է առողջներին: Կարմրուկով կարող են հիվանդանալ ամեն տարիքում, սակայն առավել հաճախ հիվանդանում են մինչև 5 տարեկան երեխաները` ձեռք բերելով կայուն իմունիտետ: Մինչև 3 ամսական երեխաները սովորաբար կարմրուկով չեն հիվանդանում, նրանց իմունիտետը փոխանցվում է մորից, իսկ կարմրուկով չհիվանդացած մորից ծնված երեխան կարող է հիվանդանալ նույնիսկ կյանքի առաջին ամիսներին:
Պաթոգենեզ
Հիվանդությունն ընթանում է 4 շրջանով: 1-ին` գաղտնի շրջանը տևում է 6-18 օր, որի ընթացքում վիրուսը գտնվում է օրգանիզմում, սակայն հիվանդագին երևույթներ չեն առաջանում: 2-րդ` նախանշանային շրջանում (3-4 օր) բարձրանում է ջերմաստիճանը, նկատվում են հարբուխ, հազ, ձայնի խռպոտություն, աչքերի կարմրություն, արցունքահոսություն: Աստիճանաբար այս երևույթները սաստկանում են, առաջանում են լուսավախություն, հաչոցանման հազ, կարող է ախտահարվել նաև կոկորդը` կրուպի դրսևորումներով: Այս շրջանին բնորոշ են այտերի լորձաթաղանթներին` ստորին աղորիքների դիմաց, կարմիր երիզով օղակված նուրբ սպիտակ (այսպես կոչված` Ֆիլատով-Կոպլիկի) բծերը, որոնք անհետանում են ցանավորման 1-ին, 2-րդ օրերին: Մյուս բնորոշ հատկանիշը` փափուկ և կոշտ քիմքերի լորձաթաղանթների վրա կարմիր բծերն են` էնանթեմները: Երեխաները լինում են գրգռված, նկատվում են քնի խանգարում, ախորժակի վատացում, երբեմն կղումը դառնում է հաճախակի (բնորոշ է հեղուկ կղանքը): Ավագ տարիքի երեխաներն ունենում են գլխացավ, սրտխառնոց, քթային արյունահոսություն, որովայնի ցավեր: 3-րդ` ցանավորման շրջանում մարմնի ջերմաստիճանը նորից է բարձրանում, հիվանդի վիճակը վատանում է, բնորոշ է խոշոր բծավոր ցանը, որն առաջանում է սկզբում այտերին և ճակատին, ականջների ետևում, իսկ մի քանի ժամ անց ընդգրկում է ամբողջ դեմքը:
Այնուհետև ցանն աստիճանաբար տարածվում է իրանի և վերջույթների մաշկի վրա: Ուժեղ քրտնարտադրությունից մաշկը խոնավանում է, նկատվում է թեթևակի քոր: Այս շրջանը շարունակվում է 3-4 օր: 4-րդ` առողջացման շրջանում սկզբում դեմքի, այնուհետև իրանի և վերջույթների ցանը վերածվում է բաց դարչնագույն բծերի, որոնք աստիճանաբար (7-10 օրից) անհետանում են` մաշկի վրա թողնելով նուրբ թեփ: Ջերմաստճանն աստիճանաբար իջնում է, երեխայի ընդհանուր վիճակը` լավանում: Կարմրուկի ընթացքը կարող է լինել թեթև և ծանր: Ծանր ընթացքի դեպքում հնարավոր են ուժեղ գլխացավ, սրտխառնոց, քթային արյունահոսություն, որոշ դեպքերում` զառանցանք և զգայախաբություններ: Կարմրուկը կարող է բարդանալ թոքաբորբով, կոկորդի ախտահարումով (կրուպ), միջին ականջի բորբոքումով (ականջաբորբ), ստամոքսային համակարգի խանգարմամբ, գլխուղեղի բորբոքումով:
Բուժում
Հիվանդության առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Շատ կարևոր են հիգիենայի ընդհանուր միջոցառումները, սննդակարգը, հիվանդի խնամքը: Հիվանդի սենյակը պետք է հաճախակի օդափոխել: Լուսավախության ժամանակ խորհուրդ չի տրվում սենյակը մթնեցնել: Կարևոր է նաև մաշկի (շփում, լվացում), բերանի լորձաթաղանթի (շատ հեղուկներ խմել` հատկապես ուտելուց հետո և բերանը ողողել), աչքերի (օրը մի քանի անգամ մաքրել եռացրած ջրով թրջած բամբակով) խնամքը:
Կանխարգելում
Հիվանդության առաջին ախտանշանների դեպքում հիվանդին պետք է մեկուսացնել մյուսներից (ցանն ի հայտ գալու սկզբից) ոչ պակաս քան 5 օր: Կարմրուկը վտանգավոր է հատկապես մինչև 2 տարեկան, ինչպես նաև այլ տարիքի թույլ երեխաների համար, ուստի պետք է նրանց հանդեպ խիստ ուշադիր լինել: Շատ արդյունավետ է հակակարմրուկային պատվաստումը, որը կատարվում է հակացուցում չունեցող 15-18 ամսական երեխաներին: Որևէ պատճառով չպատվաստված երեխաները (հակացուցման և այլ դեպքերում) կարմրուկով հիվանդի հետ շփվելիս պետք է ստանան գամմա-գլոբուլին, որի ժամանակին ներարկումը կանխում է հիվանդությունը կամ այն շատ թեթև է ընթանում:
|
Просмотров: 1137 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|